ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ո՞վ է աչք դրել «Ջրվեժ» անտառապուրակի վրա

Ո՞վ է աչք դրել «Ջրվեժ» անտառապուրակի վրա
18.08.2009 | 00:00

ԹՈՂԵ՛Ք ՇՆՉԵՆՔ
Երևանի և նրան շրջապատող անտառային տարածքներն աստիճանաբար նվազում են։ Հերթը հասել է «Ջրվեժ» անտառապուրակին, որն ամբողջությամբ վտանգված է։ Բանն այն է, որ ՀՀ կառավարության 2009 թ. հունիսի 18-ի 684-Ն որոշմամբ՝ հաստատվել են «Ջրվեժ» անտառապուրակի նկարագիրն ու տարածքի չափը։ «Ջրվեժ» անտառապուրակը հիմնվել է 1977 թ. և ունեցել է 400 hա տարածք: 2007 թ. սկսվեցին տարածքի քարտեզագրման աշխատանքները: Արդյունքում հայտնվեց մի քարտեզ, որտեղ պուրակի տարածքը սահմանվում էր 423 հա, այսինքն` 23 հա ավելի: Որոշ ժամանակ անց կադաստր ներկայացնելու համար ի հայտ եկավ մեկ այլ քարտեզ` սկզբնական տարածքի չափով (400 հա), սակայն այդ նոր քարտեզում փոփոխված էին անտառապուրակի սահմանները. դուրս էր հանվել 23-հեկտարանոց անտառածածկ տարածքը, փոխարենն ընդգրկվել էր լերկ լանջերով, քարքարոտ խոպան մի հողակտոր: Մինչդեռ դուրս մնացած տարածքը, որը կազմում է ամբողջ պուրակի անտառածածկ տարածքի մոտ մեկ տասներորդ մասը, ամենաշքեղ հատվածն է՝ սոճու ծառերով։ Եվ ամենակարևորը՝ այս 23 հա տարածքով են անցնում անտառապուրակը ոռոգող ջրագծերը։ Այնպես որ, քարտեզագրման արդյունքում զրկվելով ոռոգող ջրատարից՝ մեկ-երկու տարի անց անտառապուրակն ամբողջությամբ կարող է չորանալ։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ ԻՆԳԱ ԶԱՌԱՖՅԱՆԸ, կառավարության որոշմամբ` 23 հա անտառածածկ տարածքն անցնում է Ողջաբերդ համայնքին, որի հողերը, ինչպես հայտնի է, սողանքների պատճառով ունեն շատ ցածր ինքնարժեք։ Եվ կարելի է ենթադրել, որ անտառածածկ այդ տարածքը Ողջաբերդի հաշվեկշռին հանձնելով և արհեստականորեն նվազեցնելով հողի կադաստրային արժեքը, կա շատ շուտ և շահավետ պայմաններով այն վաճառելու մտադրություն։ Ի՞նչն է մտահոգիչ։ Ըստ Ինգա Զառաֆյանի՝ տարածքը փրկելու համար իրենք դիմել են ամենատարբեր ատյաններ՝ և՛ անտառապուրակի տնօրենությանը, և՛ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանին, սակայն նրանք հրաժարվում են բացատրություններ տալուց խնդրի առնչությամբ՝ հասցեագրելով այն բնապահպանության նախարարին։ Դիմել են նաև նախարարին, սակայն ոչ մի արձագանք։ «Մենք չենք կասկածում, որ այս ամենից կոռուպցիայի հոտ է գալիս։ Հակառակ դեպքում օրենքով սահմանված ժամկետներում անպայման կստանայինք մեր նամակների պատասխանները։ Եվ եթե նախարարության վրա այս հարցի առնչությամբ ճնշում է գործադրվում, ապա մենք պատրաստ ենք օգնելու նախարարությանը՝ այդ ճնշումից զերծ մնալու համար, այդ պատճառով էլ նախաձեռնել ենք «Ջրվեժ» անտառապուրակը փրկելու արշավ»,- ասում է Ինգա Զառաֆյանը։
Եվ ամենակարևորը՝ տարածքի քարտեզագրման աշխատանքները կատարել է հանրահայտ «ՈՒայթ գեյթ» կազմակերպությունը, որը երկար ժամանակ աշխատում է բնապահպանության նախարարության հետ ամենատարբեր նախագծերի շրջանակներում։ «Օրինակ, ժամանակին այս կազմակերպությունն ընդգրկված էր Սևանա լճի ափերն անտառներից մաքրելու ծրագրում, ինչը հատկապես արժանացել է ՀՀ վերահսկիչ պալատի ուշադրությանը, քանի որ գումարները ծախսվել են, բայց ափամերձ շրջաններն այդպես էլ չեն մաքրվել»,- նշում է Ինգա Զառաֆյանը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ անտառապուրակի նշված փոփոխությունները փաստաթղթային տեսք պետք է ստանան սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, և բնապահպանները ցանկանում են մինչև այդ հասցնել փրկել իրավիճակը։ Քանի որ այդ ամենին պաշտոնական տեսք տալուց հետո բավականին դժվար կլինի պայքարելն ու ինչ-որ բան վերադարձնելը։
«Ջրվեժ» անտառապուրակը Երևանի շուրջը պահպանված միակ կանաչ տարածքն է։ Երկրորդը թերևս բուսաբանական այգին է, և այս երկու կանաչ զանգվածները պաշտպանում են մայրաքաղաքը փոշուց ու ստեղծում քիչ թե շատ նորմալ միկրոկլիմայական պայմաններ։ Խնդիրն անմիջապես առնչվում է երևանցիներիս. դրանք մեր թոքերն են, և մենք որակյալ օդ շնչելու իրավունք ունենք։ Մի քանի տարի առաջ փորձեր կատարվեցին շինարարական աշխատանքներ սկսելու բուսաբանական այգում, և միայն ԱԺ հանգուցյալ պատգամավոր, լուսահոգի Մանուկ Գասպարյանի միջամտության շնորհիվ հնարավոր եղավ գործընթացը կասեցնել։ Այժմ բնապահպանները փորձում են գտնել որևէ պատգամավորի կամ ազդեցիկ պաշտոնյայի, ով կաջակցի իրենց «Ջրվեժ» անտառապուրակը փրկելու հարցում։
Նշենք, որ «Ջրվեժ» անտառապուրակում աճում է մոտ 120 ծառատեսակ և թուփ, այդ թվում՝ «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ և անհետացող 21 տեսակ՝ սոսի արևելյան, գիհի բազմապտուղ, նշենի սովորական և այլն։ Այս անտառը պուրակի աշխատողները կարողացել են պահպանել անգամ էներգետիկ ճգնաժամի պայմաններում։ Նույնը փորձում են անել այսօր։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2733

Մեկնաբանություններ